ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ղարաբաղի հաշվին Բաքվում պայքարում են հանուն հավերժության

Ղարաբաղի հաշվին Բաքվում պայքարում են հանուն հավերժության
17.07.2009 | 00:00

ԱԽ, ՄԱԴՐԻԴ, ՄԱԴՐԻԴ...
Զարմանալի օրինաչափությամբ Հայաստանից հեռու քաղաքները դառնում են այն վայրը, որտեղ ընդունվում են ճակատագրական որոշումներ, ստեղծվում են խմբեր, ստորագրվում են համաձայնագրեր, հետո դրանք բումերանգի շեղված օրենքով հարվածում են Հայաստանին: Ինչո՞ւ շեղված: Որովհետև բումերանգը վերադառնում է այնտեղ, որտեղից նետված է: Իսկ այս բումերանգը վերադառնում է այնտեղ, որտեղ ոչ ոք իրեն չի սպասում: Որտեղից ոչ ոք իրեն չի նետել: 21-րդ դարում բումերանգներն էլ են փոխել իրենց ընթացքը:
Իտալական Ակվիլան դարձավ այն քաղաքը, որտեղից սկսված գործընթացը հավակնում է ճակատագրական դեր ունենալ մեր ժամանակների հայկական հարցում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման որոնումներում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հայտարարությամբ դիմեցին հակամարտության կողմերին, ապա հրապարակվեցին մադրիդյան սկզբունքները: Ի՞նչ են այդ սկզբունքներն ազդարարում:
Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը:
Ազատագրված տարածքների, գրավյալ տարածքների, վիճելի տարածքների: Ինչպես էլ անվանվեն այս հողերը, ճշմարտությունը մեկն է` եղել է պատերազմ, և այդ հողերը հայկական բանակը գրավել է, պատերազմի օրենքով դրանք այլևս հայկական տարածք են: Պատմական անցյալը մի կողմ թողած` դրանք զենքի ուժով ձեռք բերված տարածքներ են: Աշխարհում կան հազարավոր այդպիսի տարածքներ, որոնք պատերազմներից հետո անցնում են հաղթող կողմին (դրանց միայն թվարկումը թերթի մի համար կդառնար, նշենք միայն Քյոնիգսբերգի նահանգը, ներկա Կալինինգրադը): Բոլոր պատերազմներից հետո նման տարածքների խնդիրներ են ծագում` սա ևս օրինաչափություն է: «Հաղթողներին չեն դատում»` հին ասացվածք է: Համաշխարհային պատերազմներից հետո գումարվում են կոնֆերանսներ, որտեղ հաղթող երկրները որոշում են պարտված երկրների ճակատագիրը, սահմանների վերաբաժանում է կատարվում` ըստ էության: Լոկալ պատերազմներից հետո ևս համաձայնագրեր են կնքվում` ըստ անհրաժեշտության: Տասնհինգ տարի առաջ կնքվեց զինադադար: Այս ամբողջ ընթացքում այդ տարածքները մնացին վիճելի` կողմերից յուրաքանչյուրը պնդեց իր հավակնությունները:
Բարոյական, հուզական, պատմական հարթությունները չենք քննարկում` այդ հարթություններում մենք անխոցելի ենք, և տարածքները խնդրո առարկա չեն, բայց, «շրջապատող» այդ տարածքներից բացի, կա բուն Լեռնային Ղարաբաղը, որի կարգավիճակը որոշվում է այդ տարածքների հաշվին նաև:
Հարցը մեկն է` համաձա՞յն ենք հակառակորդին տալ նշված տարածքները, թե՞ ոչ: Եթե ոչ, այլևս անիմաստ է դառնում հետագա քննարկումը: Որովհետև մենք ասում ենք` եղել է պատերազմ, մենք հաղթել ենք, կլինի նոր պատերազմ, դուք կհաղթեք, ձերը կլինեն: Պատերազմն է որոշում սահմանները: Եթե այո, ապա առաջանում է հարցերի շարան` ո՞ր մասը, ինչի՞ դիմաց, ե՞րբ, ինչպե՞ս ու ի՞նչ պայմաններով, հակիրճ` ի՞նչ ենք տալիս ու ի՞նչ ենք ստանում:
Ահա այստեղ մադրիդյան սկզբունքների երկրորդ կետն է` «Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի»: Այսինքն` վերջնական ոչինչ, ո՛չ անկախություն, ո՛չ Հայաստանի հետ միավորում Լեռնային Ղարաբաղը չի ստանում, այլ «միջանկյալ կարգավիճակ», որի բացատրությունը հիմնարար սկզբունքները չեն տալիս (բնականաբար` ի վերջո, դա բանակցությունների առարկա է), միայն անվտանգություն ու ինքնակառավարման երաշխիքներ: Այսինքն` այն, հանուն ինչի, ի վերջո, 88-ին Արցախը ոտքի ելավ` պաշտպանելու իր ապրելու իրավունքը, ապրելու իրավունքն իր պապենական հողում: Ինքնուրույն: Ազատ ապրելու: Անվտանգ: Բայց որքա՞ն է այդ ամենն իրական: Ի վերջո` սատանան, իրոք, մանրամասների մեջ է, որովհետև ցանկացած սկզբունք հնարավոր է կյանքում այնպես շրջել, որ վերածվի իր հակառակին:
Անվտանգության երաշխիքների մեջ կարևորագույն կետ է աշխարհագրորեն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միացնող կամրջի անհրաժեշտությունը` մադրիդյան սկզբունքների երրորդ կետը դա է կանխատեսում` «Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք»:
Բայց դրանով հարցը չի ավարտվում` տարածքները հանձնվում են, միջանկյալ կարգավիճակը տրվում է, միջանցքը սահմանվում է, հետո՞: Եթե նույնիսկ այս ամենը տեղի է ունենում, վերստին մնում է անորոշության, ուստի և հնարավոր` ռազմական բախումների վտանգը:
Սկզբունքների չորրորդ կետը փորձում է այդ հարցը լուծել` «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով»: Դա նշանակում է` հանրաքվե: Եվ միանգամից ծագում են տասնյակ խնդիրներ` ե՞րբ, ի՞նչ հարցով, ո՞ր տարածքում: Հարցերի հարցը, իհարկե, «ե՞րբ»-ն է: Այս հարցը խիստ կենսական ու շատ վտանգավոր է դարձնում սկզբունքների հաջորդ կետը` «Ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք»: Իրականության մեջ այս կետը, թերևս, ամենաանիրականն է: Նախ` կա՞ն այդ ներքին տեղահանվածների ու փախստականների ճշգրիտ ցուցակները` փաստաթղթավորված: Կա՞ն այդ անձինք այսօր, որտե՞ղ են և ունե՞ն վերադարձի ցանկություն: Անցած տարիների ընթացքում նրանք հազիվ թե ապրել են միայն վերադարձի երազով այն տարածքները, որը համարում են իրենց տունը: Քարոզչական նպատակներով կառուցված վրանային կյանք ու կենցաղով վաղուց արդեն ոչ մեկին չես խաբի: Իրական կյանքում հեքիաթները միայն զարդարանք են: Եթե նրանց` փաստաթղթերով հաստատված ցուցակները չկան, կարելի է կազմակերպել այնպիսի մի «վերադարձ», որ Գինեսի գրքում գրանցվելու արժանի բնական աճ արձանագրի այդ անձանց ընտանիքներում... Եզրակացությունները մեկնաբանության կարիք չունեն:
Եվ արդեն այս պարագայում լրիվ անիմաստ է դառնում սկզբունքների հաջորդ կետը` «Անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»: Ի վերջո, սա ավելի շատ խաղաղապահ գործողություններ իրականացնողների շահերից է բխում, որոնք իրավականորեն հաստատելու են իրենց ներկայությունը: Եվ նորից հարցերի շարան` ո՞ր տարածքներում, ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ իրավասություններով, ի՞նչ կազմով: Կարճ` ի՞նչ մանդատով:
Մադրիդյան սկզբունքները, եթե հրապարակված կետերը բոլոր սկզբունքներն են, ընդամենը դրույթներ են, որ ամբողջությամբ կախված են այն հանգամանքից, թե ինչ բովանդակությամբ ես հագեցնում: Բնական է, որ բանակցությունների մասնակիցներն այս ամենը տասնյակ ու տասնյակ անգամ քննարկել են: Այնուհանդերձ, սա սառցալեռան երևացող մասն է, իսկ չերևացող մասը ամենավտանգավորն է: (1912-ին այդ չերևացող մասը խորտակեց աշխարհի ամենահզոր նավը` «Տիտանիկը», և չկա ոչ մի երաշխիք, որ իրական «Տիտանիկը» պարտության խորհրդանիշ չի դառնա մեր պարագայում):
Ակնհայտ է` այս սկզբունքները ոչ մի նորություն ու հայտնություն չեն պարունակում, վերջապես հաստատվեց այն, ինչ ներկայացվում էր, բայց չէր անվանվում: Անվանվեց` իրականում ոչինչ չփոխելով: Այո, կա երեք երկրների նախագահների համատեղ հայտարարության փաստը, որտեղ նրանք հորդորում են հանուն տարածաշրջանի խաղաղ, կայուն ու բարգավաճ ապագայի` հարցի լուծումն արագացնել: Եթե հաշվի առնենք, որ և՛ Բարաք Օբաման, և՛ Դմիտրի Մեդվեդևը, և՛ Նիկոլա Սարկոզին համարյա նորընտիր նախագահներ են, նրանք կշարունակեն իրենց հետևողական քաղաքականությունը` հարցը իր լրումին հասցնելու համար: Բայց նրանք չեն կարող պարտադրել հարցի լուծում (ի սկզբանե բացառելով նոր պատերազմի հնարավորությունը, ընդունենք, որ այս կամ այն նախագահի անձնական գործից կոմպրոմատների հրապարակումը թույլ զենք է):
Ի՞նչ կլինի այս անգամ: Հուլիսի 17-ին Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները: Այդ հանդիպումը ևս կլինի հերթականներից մեկը, որտեղ կողմերը կհավաստեն բանակցությունների միջոցով հարցի լուծման պատրաստակամությունը, կգրանցեն կամ չեն գրանցի քայլ առաջ, լավատեսորեն կամ շատ լավատեսորեն շնորհակալ կլինեն համանախագահներին ու երեք նախագահներին։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերջնական լուծման երաշխիքներով որևէ համաձայնագիր մինչև 2009-ի վերջը չի ստորագրվի: Միջանկյալ ինչ-որ հուշագիր, որ ամրագրում է մտադրությունները կամ անցնելիք ճանապարհի առանցքային կետերը` գուցե: Բայց դա կլինի ընդամենը հավուր պատշաճի քայլ, ինչպես մայնդորֆյանը:
Իհարկե, ՀՀ նախագահը մինչև այսօր ստորագրել է այն ամենը, ինչ իրեն առաջարկվել է, բայց այս վերջինը նա պարզապես չի անի, եթե ռեալ կորստի դեմ ստանա ոչ թե ռեալ ձեռքբերում, այլ անորոշ երաշխիք:
ՈՒ որևէ դարակազմիկ կամ ճակատագրական նշանակություն ո՛չ իսպանական Մադրիդը, ո՛չ իտալական Ակվիլան իրականում հայ ժողովրդի կյանքում չեն ունենա: Աշխարհի ոչ մի մայրաքաղաք կամ քաղաք չի կարող որոշել այն, ինչ պիտի որոշվի Երևանում` Ստեփանակերտի միջով անցնելով:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Հ. Գ. - Իսկ Բաքո՞ւն: Իսկ Բաքուն` ինչպես միշտ: Էլմար Մամեդյարով` «Ադրբեջանի դիրքորոշումը մնում է կայուն, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից, տարածքները պետք է ազատվեն, ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, հետո կքննարկվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»: Նովրուզ Մամեդով` «Ադրբեջանական կողմը նախագահներ Ալիևի և Սարգսյանի միջև հուլիսի կեսերին Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը կպաշտպանի իր նախկին դիրքորոշումը, այն է` ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի։ Կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու հարցը, սակայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այս դիրքորոշումը կմնա անփոփոխ»: Այսինքն` Բաքուն մնում է Բաքու, բայց ինքն իրեն գերազանցել է Վաֆա Գուլուզադեն. «Եթե ամեն ինչ լուծվեր միայն հայտարարություններով, ապա աշխարհում չէր լինի ոչ մի խնդիր, մարդիկ կմահանային ձանձրույթից և հակամարտությունների բացակայությունից»: Մնում է ենթադրել, որ Ղարաբաղի հաշվին Բաքվում պայքարում են հանուն հավերժության:

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ